Կառավարությունը վերաբաշխում կատարեց բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացրեց՝
77 մլն դրամ` կամավոր ատեստավորված 478 ուսուցիչների հավելավճարների համար.
254 մլն դրամ` Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների վերանորոգման և գույքի ձեռքբերման համար:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում ատեստավորման գործընթացը կազմակերպելու համար՝ բարելավելով բոլոր այն խնդիրները, որոնք այս տարի նկատվել էին:
«Գործընթացին մյուս տարի կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներ՝ ըստ բոլոր առարկաների: Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքով կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեում մենք այդ նպատակի համար նախատեսել ենք 1.3 մլրդ դրամ»,- նշեց նախարարը:
Նախագծով առաջարկվել է նաև մի շարք այլ վերաբաշխումներ ընթացիկ ծրագրերի փաստացի կատարման համար: Բացի վերոգրյալից, առաջարկվել է մոտ 881 մլն դրամ ուղղել 2021 թ. Կառավարության պահուստային ֆոնդ: