Հայաստանում տասը տարի առաջ սկսված խոշորացման գործընթացը նոր փուլ մտավ 2021-ին: Երևանյան կլոր սեղանի օրակարգում այդ գործընթացից բխող ապակենտրոնացման և պետական կառավարման մարզային մակարդակում՝ փոփոխություն կատարելու անհրաժեշտության հարցն է: Քննարկման ֆինանսական աջակիցը Եվրամիությունն է:
Ալեքսեյ Պետրոսյան («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար) - Մեր ծրագրի հիմնական կառոցվածքն այն է, որ մարզային քննարկումների միջոցով, իսկ մեր թիրախային մարզերը հիմնականում Գեղարքունիքի և Արարատի մարզերն են, վեր հանել համայնքի խնդիրները և արդեն հանրային ավելի բարձր մակարդակի քննարկումների միջոցով փորձել գտնել լուծումներ, առաջարկներ, քաղաքականության ոլորտում բարեփոխումներ:
Խոշորացված համայնքներում կառավարչական կարողություններից մինչև համայնքի ղեկավարի լիազորությունների խնդիրներ. Պետրոսյանի խոսքով՝ պետք է դիտարկել, թե համայնքապետարանի լիազորությունների արդյունավետ իրացման նպատակով ինչ գործիքներ են պետք, որ կարող են մարզպետարանից փոխանցվել համայնքապետարանին:
Ալեքսեյ Պետրոսյան - Դեկտեմբերի 5-ին սպասում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք արդեն խոշորացված են, եթե չեմ սխալվում, թվով 37-ն են, ընտրություններ տեղի են ունենալու Հայաստանի գրեթե կեսում: Այս կոնտեքստում կարևոր են որոշակի իրազեկման աշխատանքներ՝ հասկանալու, թե ինչ ակնկալիքներ պետք է լինեն նոր կուսակցություններից, ընտրություններից:
Արամայիս Ավետիսյան («Քաղաքական երկխոսություն» ՀԿ գործադիր տնօրեն) - Ընտրություններն անցկացվելու են նոր տրամաբանությամբ, նաև կուսակցական ցուցակներով: Սա մեծ փոփոխություն է, այս առումով հսկայական բաց էինք մենք տեսնում տեղի համայնքներում, մեծ ռիսկեր կային, թե այս ընտրությունները ինչ տրամաբանությամբ ու բովանդակությամբ են անցկացվելու, էդ պատճառով նախաձեռնեցինք փոփոխությունների շարքը:
Խոշորացումն արդյունավետ գնահատեց պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա կարծիքով՝ առավել ճիշտ լուծումը նախկին շրջանների ձևաչափին անցնելն է:
Շիրակ Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Խոշորացված համայնքն ունի բավականին լուրջ բյուջե, եթե հանդես է գալիս որևէ նախաձեռնությամբ համայնքի որևէ բնակավայրի՝ ջրագիծ, ճանապարհ, կոյուղագիծ, մանկապարտեզ կամ դպրոցի նորոգում, պետությունն իր պատկառելի մասնաբաժնով աջակցում է, լուծվում են խնդիրներ, որոնք տասնամյակներ չեն լուծվել և տասնամյակներ չեն լուծվի, քանի որ համայնքի բյուջեն բավարար չէ:
2017-ին խոշորացված Ալագյազ համայնքն ընդգրկում է 11 բնակավայր. սուբվենցիոն ծրագրերով և համաֆինանսավորմամբ՝ համայնքի 90 տոկոսում իրականացվել են ասֆալտապատման, գազիֆիկացման, լուսավորության ցանցի անցկացման ծրագրեր:
Արթուր Գրիգորյան (Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ) - Ճիշտ կառավարման արդյունքում, երբ համանքի ղեկավարը, ավագանին իրենց դիրքում են, միասնական բյուջեն ճիշտ են կառավարում, հնարավոր է հասնել նվաճումների:
Երկու բնակավայրում՝ Շենկան և Սադունց համայնքներում, այս պահին Կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ավելի քան 200 մլն դրամի միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: