Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ Նրանց «Զվարթնոցում» դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է՝ նեղ կազմով նիստի սկզբում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Այսօրվա հանդիպումը մեզ համար շատ նշանակալից իրադարձություն է։ Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Երևանում ընդունելու բարձրաստիճան հյուրերի, անցկացնելու միջկառավարական խորհրդի նիստը՝ դրանով իսկ նպաստելով մեր Միության ամրապնդմանը։ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցությունը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից է։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ գործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։ Հարգելի գործընկերներ, բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկում։ Մենք փորձել ենք հանդիպման համար ստեղծել առավել հարմարավետ մթնոլորտ։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի աշխատել ոչ միայն մեր օրակարգային հարցերի շուրջ, այլ նաև օգտվել անմիջական շփման և մտքերի փոխանակման հնարավորությունից:
Հայաստանի վարչապետի ելույթից հետո Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը՝ որպես ԵԱՏՄ նախագահող երկրի վարչապետ, ներկայացրեց հանդիպման օրակարգը: Շրջանակը լայն է՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրում, մաքսային կանոնակարգեր: Քննարկվել են նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող հարցեր: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան