Երևանում այսօր մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նախագահի նստավայր են ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները համատեղ լուսանկարվել են, որից հետո մեկնարկել է նեղ կազմով հանդիպումը։ Վաղը կանցկացվի խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
«Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է»,- նեղ կազմով նիստին իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի: Մենք ուրախ ենք Երևանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, միջկառավարական խորհրդի նիստի անցկացման հնարավորության համար՝ ներդրում ունենալով միության ամրապնդման գործում: Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
Ընդունելով այս նիստը՝ մենք փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև պատվիրակությունների կենդանի շփումը և կարծիքների փոխանակումը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան