ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՀՐԱԴԱԴԱՐԸ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Հայաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից հետոնա Թվիթերում գրել է.
«Խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու լիցքաթափման կոչ արեցի: Խորապես ցավում եմ զոհերի համար: Վերահաստատել եմ իմ աջակցությունը գործընթացի շարունակմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու իմ անձնական ներկայացուցչի միջոցով»:
ԵԺԿ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների հետևանքով ստեղծված իրադրության առնչությամբ մտահոգություն է հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: Խստորեն դատապարտելով Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումը՝ կուսակցությունը կոչ է արել մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ ԵԺԿ-ն ընդգծել է միջազգային կանխարգելիչ մեխանիզմների և ռազմական բախումների միջազգային հետաքննության կենսական անհրաժեշտությունը, ներառյալ ագրեսորների դեմ համապատասխան էական պատժամիջոցները։
ՄԵՆԵՆԴԵՍԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է ՈՐԱԿԵԼ ԲԱՔՎԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Ադրբեջանի կողմից Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի լուրերը մտահոգիչ է որակել: Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը օգնում է հնարավոր դարձնել էթնիկ հայերի դեմ ուղղված հրեշավոր գործողությունները: «Ժամանակն է ընդունել իմ առաջարկած փոփոխությունն այդ օգնությունը դադարեցնելու մասին»,- հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
FREEDOM HOUSE-Ը ԹԱՓԱՆՑԻԿ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին է անդրադարձել հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը: Freedom House-ը Թվիթերի իր էջում երեք գրառում է արել: Կառույցը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ՝ կոչ անելով հետաքննել գերեվարված զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները և տեղեկություն տրամադրել նրանց հայրենադարձության վերաբերյալ։
Freedom House-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նաև մարդու իրավունքների խախտումների ցանկացած մեղադրանքների վերաբերյալ թափանցիկ հետաքննություն իրականացնել:
Հեղինակ՝ Մերի Ներսիսյան