Գյումրու հինգ խմբակցությունից ձևավորված ավագանին այսօր արտահերթ նիստում ընտրեց մշտական հանձնաժողովների կազմը։ Որոշեցին օրակարգից հանել Ամանորի տոներին նվիրված նախագծի քննարկումն ընդհանրապես՝ պայմանավորված Սյունիքում առկա լարված իրավիճակով։
«Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ստորագրած համաձայնագրով՝ Գյումրու երկու փոխքաղաքապետները պետք է լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
ՔՊ-ն երկու թեկնածուի էր առաջադրել՝ ավագանու անդամներից Արթուր Պապիկյանին և ՔՊ-ական Դավիթ Առուշանյանին։
Թեկնածուներից Արթուր Պապիկյանը Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է, երկար տարիներ զինվորական է եղել Գյումրու ռազմական ավիացիայում, 2021-ից պահեստազորում է։
Փոխքաղաքապետի ՔՊ-ական թեկնածուին հարց ուղղեցին «Զարթոնքից», թե կառավարման ի՞նչ փորձ ունի։ Թեկնածուն կարճ պատասխանեց, թե զինվորական է եղել և ավելին ներկայացնել չի կարող: Փոխքաղաքապետի մյուս թեկնածուն Դավիթ Առուշանյանն է։ Աշխատանքային գործունեությունն սկսել է որպես զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն, ապա՝ ղեկավար:
ՔՊ-ական փոխքաղաքապետի թեկնածուներին կողմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամները, դեմ՝ «Ապրելու երկիր», «Զարթոնք» խմբակցությունների ներկա հինգ անդամները, ՀՀԿ-ական երկու անդամները ձեռնպահ էին։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Գյումրի համայնքի ղեկավար, «Բալասանյան դաշինքից» Վարդգես Սամսոնյանն ասաց, որ կառուցողական աշատանք են ակնկալում ՔՊ-ական փոխքաղաքապետների հետ: Սամսոնյանի խոսքով՝ հասցրել է արդեն ծանոթանալ փողոցաշինության ընթացքին: Ղեկավարման 100-րդ օրը հանդես կգա հաշվետու ասուլիսով։ Քաղաքացիների հետ հանդիպում ևս ունեցել է, հերթականը տեղի կունենա այս շաբաթ։