Խորհրդարանն այսօր առաջին ընթերցումով ընդունեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է նախագծում լրացնել «ընթացիկ եզրակացություն» և դրա հետ փոխկապակցված «հաշվեքննության արձանագրություն» տերմինները: Հաշվեքննությանը քաղաքացիական ծառայողների հետ համատեղ պալատի որոշմամբ կարող են մասնակցել նաև քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, որոնք ևս պետք է լիարժեք ներգրավված լինեն հաշվեքննության գործընթացին: Այդ նպատակով առաջարկվում է հաշվեքննող դիտարկել նաև փորձագետներին և մասնագետներին: Առաջարկվում է վերացնել պալատի այն պարտավորությունը, համաձայն որի յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում պալատը պետք է Ազգային ժողով ներկայացնի այդ եռամսյակի ընթացքում Ազգային ժողով ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների ցանկը:
Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հաշվեքննիչ պալատի, SIGMA Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնության դիտարկումները, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի փորձագետների կողմից իրականացված վերլուծության արդյունքները:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ևս բարձրաձայնել է Կառավարության դրական դիրքորոշման մասին: