Աֆղանստանում նախնական տեղեկություններով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա՝ «Արմենպրեսին» հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Խոսնակն այդպիսով մեկնաբանել է ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին: «Սա նախնական տեղեկություն է»,- ընդգծել է Հունանյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ՝ նոյեմբերի 18-ին Չկալովսկի օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի երեք օդանավ է մեկնել Աֆղանստան՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով:
*****
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն նոյեմբերի 18-19-ը կլինի Մոսկվայում՝ հանդիպելու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Լավրովի հետ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին։ Հանդիպմանը կքննարկվի ԵԱՀԿ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդումը՝ ներառյալ ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի կազմակերպության աջակցության հարցն Արցախում տիրող իրավիճակի կարգավորմանը: Նախատեսվում է անդրադարձ ԵԱՀԿ աջակցությանը Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևյան քննարկումներին կազմակերպության միջնորդության հարցին:
*****
Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ժողովրդավարության գագաթնաժողովի անցկացմանը, որն իր տեսակի մեջ առաջինն է: Այն ենթադրում է կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հավաք: Նախաձեռնությունը միտված է աշխարհում ժողովրդավարական նորացման համատեղ աշխատանքի խթանմանը` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերի տեղակալ Ուզրա Զեյան: Գագաթնաժողովին Ադրբեջանի հրավիրված չլինելու վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ Զեյան նշել է, որ ԱՄՆ-ն հրավիրել է միայն «կայացած ու զարգացող ժողովրդավարություններին»։ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին Հայաստանն ստացել է մասնակցության հրավեր: