Արմավիր խոշորացված համայնքը 11 բնակավայր է ներառում: Խոշորացված Արմավիրում դեկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու ընտրությանը կմասնակցի մեկ քաղաքական ուժ:
Գոռ Հովհաննիսյան (թիվ 16 ՏԸՀ նախագահ) - Անկեղծ՝ չեմ կարող պատասխանել՝ թե ինչու այլ կուսակցութուններ չմասնակցեցին: Կուսակցական ընտրություն է սա, պետք է կուսակցություններն առաջադրվեն, բայց ոչ մի կուսակցություն չի առաջադրվել:
Արմավիր խոշորացված համայնքում ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 46 հոգանոց ցուցակով. առերևույթ ոչ մրցակցային ընտրություն:
Դավիթ Խուդաթյան (Արմավիրի քաղաքապետ) - Ստեղծված իրավիճակը թե՛ իմ, թե՛ ՔՊ-ի համար խիստ պարտավորեցնող է, մենք պատրաստվում ենք կլասիկ քարոզարշավ իրականացնել, ինչը կիրականացնեինք մրցակցային ընտրությունների պարագայում:
Նախկինում էլ է եղել, որ Արմավիրը մեկ թեկնածուով մասնակցի ընտրությանը, բայց եթե այն ժամանակ թեկնածուները ընտրապայքարից հրաժարվել են առաջադրվելուց և գրանցվելուց հետո, այս դեպքում առաջադրումներ չեն եղել ընդհանրապես:
Դավիթ Խուդաթյան - Տարբեր քաղաքական ուժեր հետաքրքրություն են ունեցել, և ինչ-որ պահի առաջադրման մասին քննարկումներ եղել են, վերջին պահին որոշել են չառաջադրվել:
Միակուսակցական ավագանի ունենալը, քաղաքապետի կարծիքով՝ էապես չի ազդի համայնքի զարգացման ծրագրերի իրականացման վրա: Նախկին ավագանու կազմն էլ էր մասամբ ընդդիմադիր, բայց դա չի խանգարել քաղաքի շահերից բխող որոշումներ կայացնելու:
Դավիթ Խուդաթյան - Կարծում եմ՝ միատարր ավագանիով կամ 27-ով դժվարություններ չեն լինելու: Նաև քաղաքական ռիսկ չեմ տեսնում, և մեզ արդյունավետ աշխատանքային 5 տարիներ են սպասում:
ՏԻՄ ընտրությունները մրցակցային են լինելու Բաղրամյան միավորված համայնքում՝ այստեղ հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ:
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Արմավիր խոշորացված համայնքը ավագանու 27, իսկ Բաղրամյանը՝ 21 հոգանոց կազմ կունենան: