Ադրբեջանի ԶՈՒ վեց զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 300.2-րդ հոդվածի (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար»,- գրել է Աբրահամյանը: