ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Ադրբեջանի զորավարժությունը Կասպից ծովում էկոլոգիական խնդիրներ է առաջացրել: Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Կասպից ծովում փոկերի անկման մի շարք դեպքեր են գրանցվել, որոնք նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ արտասովոր են: Կասպյան փոկերի հետազոտության և բուժման կենտրոնի տնօրեն Ամիր Շիրազին գործակալության հետ զրույցում հայտնել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոկերի անկման պատճառը սեպտեմբերին Կասպից ծովում Ադրբեջանի անցկացրած զորավարժություններն են: Նա նշել է, որ տարեսկզբից՝ մինչև Ադրբեջանի զորավարժության անցկացումը, փոկերի անկման 12 դեպք է գրանցվել, սակայն զորավարժությունից հետո 42 փոկ է անկել:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՄԱԿՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է դուրս բերեն իրենց զորքերը Լիբիայից: Այս հայտարարությունը, սակայն, առաջացրել է թուրքական կողմի կոշտ արձագանքը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի պայմանագիրը Լիբիայի օրինական կառավարության հետ է, իսկ դրա դեմ արտահայտվելը, արտգործնախարարի խոսքով՝ Ֆրանսիայի գործը չէ։ «Դա անարգանք է Թուրքիայի և Լիբիայի ինքնիշխանության նկատմամբ»,- ընդգծել է Չավուշօղլուն և հավելել, որ չնայած Ֆրանսիան շատ է սիրում այդօրինակ միջամտություններ, Անկարայի համար որևէ կարևորություն չունի, թե ինչ են ասում երրորդ երկրները։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԻՐԱՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ Է 35 ՏՈԿՈՍՈՎ
Վերջին 12 ամսում թուրքական լիրան ամերիկյան դոլարի նկատամամբ արժեզրկվել է 35 տոկոսով: Այսօր Թուրքիայի Կենտրոնական բանկը 1 տոկոսով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը հանգեցրել է թուրքական արժույթի նոր արժեզրկման: Թուրքական լիրան սկսեց կտրուկ արժեզրկվել 2020 թվականի կեսերին, երբ Էրդողանը աշխատանքից ազատեց Թուրքիայի Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների և սկսեց միջամտել Կենտրոնական բանկի քաղաքականությանը: Էրդողանը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում շարունակելու է դեմ արտահայտվել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը: Ի տարբերություն տնտեսագետների՝ նա հավատացած է, որ ցածր տոկոսադրույքները կհանգեցնեն տնտեսական աճի, գործազրկության կրճատման և արտահանման ծավալների աճի: Մինչ այժմ սակայն, Թուրքիայի տնտեսության վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև հակառակը՝ բախվել է նոր խնդիրների: Ինֆլյացիայի մակարդակը շարունակում է աճել. վերջին մեկ տարում բանջարեղենը թանկացել է մոտ 65 տոկոսով, թռչնամիսը՝ 68 տոկոսով, կաթնամթերքը՝ 37 տոկոսով:
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԻՍՐԱՅԵԼՑԻ ԶՈՒՅԳԻՆ
Թուրքիան ազատ է արձակել իսրայելցի զույգին, որին օրեր առաջ լրտեսության մեղադրանքով ձերբակալել էին Ստամբուլ կատարած այցի ժամանակ նախագահ Էրդողանի նստավայրը լուսանկարելու համար: Իսրայելի վարչապետը հերքել է ամուսիններին ներկայացրած մեղադրանքները՝ հաստատելով, որ նրանք իսրայելական որևէ գործակալության համար չեն աշխատում: Իսրայելի վարչապետի և արտգործնախարարի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ամուսիններն ազատ են արձակվել և արդեն Իսրայելում են: Թուրքիայում իսրայելցի ամուսինները ձերբակալվել էին, երբ կինը նկարահանել է Էրդողանի տունը՝ չիմանալով, որ դա անօրինական է։ Նա լուսանկարն ուղարկել է WhatsApp-ի ընտանեկան խմբին՝ «Ինչ գեղեցիկ տուն է» գրությամբ։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ ԵՎ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՎԱՃԱՌԻ
Մեծ Բրիտանիան համաձայնել է Ուկրաինային ռազմանավեր և հրթիռներ վաճառել: Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Կիևի հետ նոր պայմանագիր կկնքի՝ Ռուսաստանի հետ լարվածության աճի ֆոնին: Նոր փաստաթուղթը թույլ կտա Ուկրաինային վարկեր ստանալ Մեծ Բրիտանիայից՝ բրիտանական ռազմանավեր և հրթիռներ գնելու համար։ Բացի այդ, նախատեսվում է համատեղ արտադրել հածանավ և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ռազմածովային ենթակառուցվածքի ստեղծման համար։ Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ պատմական պատճառներով Ուկրաինան չունի անվտանգության երաշխիք ՆԱՏՕ-ի երկրների կողմից, քանի որ այն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ։ Բորիս Ջոնսոնը պատրաստակամություն էր հայտնել այնպիսի պայմաններ ստեղծել, որ բոլորը հասկանան, որ թե՛ Ուկրաինայի, թե՛ Լեհաստանի սահմաններում սխալ հաշվարկի գինը ահռելի է լինելու։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐԱԾՎԵԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Կորոնավիրուսն ահագնացող թափով շարունակում է տարածվել Եվրոպայում: Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 65371-ով, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նախատեսում է հանդիպել դաշնային երկրամասերի ղեկավարների հետ, որի արդյունքներով կընդունվի որոշում ամբողջ Գերմանիայում հակակորոնավիրուսային միջոցների խստացման մասին: Ֆրանսիայում արդեն կորոնավիրուսի 5-րդ ալիքն է մոլեգնում՝ ըստ կառավարության խոսնակ Գաբրիել Ատալի: Չորեքշաբթի երկրում վարակման ավելի քան 20000 դեպք է արձանագրվել: Նիդերլանդներում, որտեղ նույնպես ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել, արդեն մասնակի լոքդաուն է սահմանվել: