Անցյալ տարի համավարակի պայմաններում ԵԱՏՄ երկրները բախվեցին դեղերի և դեղամիջոցների ձեռքբերման խնդիրների, քանի որ Միության դեղագործական շուկան մեծ չափով կենտրոնացված էր ներմուծման վրա: Հնդկաստանից և Չինաստանից հումքի մատակարարումների ընդհատման պատճառով Եվրասիական միության մի շարք երկրներում դեղերի հետ կապված իրադրությունը մոտ էր կրիտիկականին:
Նման պայմաններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկը լծվեց առկա խոչընդոտները վերացնելու գործին՝ մշակելով միության տարածքում դեղերի և դեղամիջոցների ցանկի արտադրության կազմակերպման հնարավոր տարբերակը, ինչը թույլ կտա նվազեցնել կախվածությունը արտաքին շուկաներում նկատվող փոփոխություններից:
Խոչընդոտները վերացնելու համար Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի շրջանակում կքննարկեն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող դեղամիջոցներով ԵԱՏՄ երկրների ապահովվածության մակարդակի բարձրացման միջոցառումների ծրագրի հաստատումը:
Արտակ Քամալյան (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար) - Ճանապարհային քարտեզը, որը, ենթադրվում է, կհաստատվի նիստի ընթացքում, իր մեջ ներառում է դեղագործության ուղղությամբ Եվրասիական տեխնոլոգիական հարթակի ձևավորում, միության նորմատիվ իրավական բազայի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում, սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառում, դեղերի և դեղանյութերի մշակման, արտադրության և բաշխման առանձին փուլերի սուբսիդավորում, կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման հարցերի մշակում, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրությունների հիմնում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը անցած տարվանից սկսել են աշխատել ԵԱՏՄ երկրներում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրությունների ստեղծման ուղղությամբ: Հայաստանում արդեն սկսել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրությունը, որը կօգտագործվի երկրի բնակչության պատվաստման գործընթացում։ Քամալյանը նշում է՝ Հայաստանում «Սպուտնիկ լայթի» արտադրության գործարկումը դեղագործական ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի ինտեգրացիոն համագործակցության նշանակալի արդյունք է և կարևոր քայլ՝ Հայաստանի դեղագործության զարգացման գործում:
Արտակ Քամալյան - Հայաստանում այսօր արդեն արտադրվում է «Սպուտնիկ լայթը», մշակվում է այդ պատվաստանյութի արտահանումը երրորդ երկրներ: Այս պահին Երևանն ու Մոսկվան քննարկում են ֆինանսական պայմանները։ Կարծում եմ՝ նման համագործակցությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործակցությունն արդյունավետ կարող է իրականացվել ոչ միայն ներքին պահանջների բավարարման առումով, այլև երրորդ երկրներ արտահանման համար:
ԵՏՀ-ն նախապատրաստել է Միության երկրներում ագրոարդյունաբերական համալիրների երկարաժամկետ զարգացման կանխատեսումներ մինչև 2025 և 2030 թվականներ ընկած ժամանակահատվածների համար: Այդ հաշվարկները կուղղորդեն նաև Հայաստանի կառավարությանն ու հայաստանյան բիզնեսին՝ հնարավոր ռիսկերից խուսափելու համար: Չնայած համաճարակի պատճառով առաջացած համաշխարհային ճգնաժամին՝ ընդհանուր առմամբ կանխատեսվող ժամանակաշրջանում Միության շրջանակում սպասվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճ: Կանխատեսվում է միայն մրգերի ու հատապտուղների դեֆիցիտ: Իսկ Հայաստանն այս առումով մեծ հեռանկարներ ունի՝ պտուղ-բանջարեղենի արտադրանքի և արտահանման ծավալների մեծացման տեսանկյունից: Արդեն իսկ կանխատեսվում է գյուղարտադրանքի ավելացում, իսկ մյուս անդամ պետությունների հետ ապրանքաշրջանառության սպասվող աճը կկազմի 76 տոկոս:
Արտակ Քամալյան - Հայաստանում այսօրվա դրությամբ պարենամթերքի ապահովվածությունը բավական ցածր է հացահատիկի և բուսայուղերի, շաքարի դեպքում: Ինքնապահովումը 50 տոկոսից ցածր է: Ինչ վերաբերում է վաճառքի գներին, ապա ԵԱՏՄ երկրների ներսում դրանք բավական տարբեր են: Հայաստանում, ցավոք, սննդի պարագայում բարձր է մսի արժեքը, նույն պատկերն է նաև շաքարի դեպքում: Խնդիրը, իհարկե, օբյեկտիվ պատճառներ ունի, բայց պետք է առավել մեծ ուշադրության արժանանա, ինչին կնպաստեն մեր իրականացրած վերլուծություններն ու կանխատեսումները:
Հայաստանի գյուղատնտեսությունում մեծ է ցածր ավելացված արժեքով ապրանքների մասնաբաժինը, ուստի անհրաժեշտ է ավելացնել ալկոհոլային արտադրանքի՝ գինու, կոնյակի և պանիրների արտահանման ծավալները, որի ներուժը երկիրն ունի: Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտ ներդրումների ներգրավմանը կնպաստեն նաև հողային բարեփոխումները՝ ֆերմերային կառույցների խոշորացման միջոցով առավել արդյունավետ գյուղատնտեսություն վարելու համար: