Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ժողովրդավարության գագաթնաժողովի անցկացմանը, որն իր տեսակի մեջ առաջինն է: Այն ենթադրում է կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հավաք՝ միտված ողջ աշխարհում ժողովրդավարական նորացման համատեղ աշխատանքի խթանմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերի տեղակալ Ուզրա Զեյան՝ արտասահմանյան լրատվամիջոցների համար հրավիրված ճեպազրույցին։
«Այդ գործընթացի միջոցով մենք ձգտում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, ազնվորեն դիմակայել ժողովրդավարությանն ուղղված մարտահրավերներին ու վերացնել մեր ընդհանուր արժեքների սպառնալիքները»,- ասել է Զեյան։
Գագաթնաժողովին Ադրբեջանի հրավիրված չլինելու վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ Զեյան նշել է, որ ԱՄՆ-ն հրավիրել է «կայացած ու զարգացող ժողովրդավարություններին»։
«ԱՄՆ-ը հրավիրում է տարածաշրջանային տարբեր կայացած և կառուցվող ժողովրդավարություններ, որոնց ջանքերի և պարտավորությունների շնորհիվ մենք կկարողանանք ունենալ ավելի արդար և խաղաղ աշխարհ»,- հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը մտադիր է աշխատանք տանել ժողովրդավարության առաջխաղացման ուղղությամբ ինչպես այս համաժողովի շրջանակներում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Հիշեցնենք, որ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին Հայաստանը ստացել է մասնակցության հրավեր: