Նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025 թթ․ ժամանակահատվածի համար։
Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված էին չորս երկրների՝ Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի և Ադրբեջանի թեկնածությունները:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն՝ 146 ձայն, առաջին տեղով ընտրվեց Գործադիր խորհրդի կազմում։
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել առաջին անգամ` 1992 թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունից ի վեր։ ԳԽ-ին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառությունները և առաջնահերթություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրագործմանը, բոլորի համար որակյալ կրթության հասանելիության ապահովմանն ու մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։