Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից, և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ:
Երեկ՝ իմ հայտարարություններից հետո, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են:
Պարոն Պապիկյան, Ռուսաստանի Դաշնության ձեր գործընկերոջ հետ խնդրում եմ ճշգրտեք մանրամասները, և փորձենք իրագործել՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա»: