Նոյեմբերի 17-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է հնարավորություն տալ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ կատարողական ծախսեր չգանձել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ինչպես նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, անմիջական հարազատների վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը չի լրամշակվել, առաջարկություններ չեն ներկայացվել:
Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը կարևորելով օրենքի նախագծի ընդունումը՝ կոչ է արել կողմ քվեարկել: