ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի 2020 թվականի պետական մրցանակը շնորհվում է «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանին: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է հաղթողին շնորհում ոսկե մեդալը:
Չի Ֆուն Չան («Սինոփսիս» ընկերության նախագահ) - Շնորհակալ եմ մրցանակի համար: Մեր ընկերությունն արդեն 17 տարի Հայաստանում է, և մենք բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել, նաև նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը: Իմ պատկերացմամբ՝ աշխարհը մեծ փոփոխությունների է բախվել և բախվելու է: Այսօր աշխարհում շատ արագ փոխվում է նաև տեխնոլոգիական աշխարհը, փոխվում են նաև հասարակությունները: Մենք պետք է հետ չմնանք այս զարգացումներից, քանի որ դրանք մեծ հնարավորություններ են տալու:
Քովիդի պատճառով էր մրցանակաբաշխությունը հետաձգվել: Հայաստանն այս մրցանակը շնորհում է 11-րդ անգամ, նրանց, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ ներդրումներ և հեղափոխական փոփոխություն են արել: Հաղթողին որոշում է միջազգային հանձնաժողովը: «Սա նաև լավ առիթ է ոլորտի համաշխարհային դեմքերին տեսնելու Հայաստանում»,- նկատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - ՀՀ պետական մրցանակը շատ կարևոր նպատակ ունի՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանն ունի ասելիք, և Հայաստանն ունի անելիք, և աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից է: Ես վստահ եմ, որ մեր մրցանակակիրները շատ նման առաջարկներ են ստանում տարբեր երկրներից, բայց քչերն են ընտորւմ:
ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունները Հայաստանում մոտ 1600-ն են:
Հովիկ Մուսայելյան («Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն) - Սա բացառիկ հնարավորություն է մեզ համար՝ ունենալ աշխարհում նման առաջնորդություն՝ ընդունելու, մեծարելու և շփվելու համաշխարհային լեգենդների հետ: Արդեն տևական ժամանակ է՝ մեր երկիրը շարժվում է ՏՏ աշխարհում իր տեղն ունենալու, նաև նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:
Օրը խորհրդանշական է նաև մեկ այլ առումով: Ի նշան երախտագիտության՝ «Հայփոստ» ընկերությունը պետական մրցանակին նվիրված հատուկ ծրար մարեց և շրջանառության մեջ դրեց թեմային նվիրված 1 նամականիշով փոստային բացիկ:
Հայկ Կարապետյան («Հայփոստ» ընկերության գործադիր տնօրեն) - Նամականիշ, որը հատուկ բացիկ է նամականիշով, և հատուկ ծրար, որը պարոն Չի Ֆուն Չանի մեծ ավանդի մասին կպատմի աշխարհին և, հուսամ, մեր երիտասարդներին, որոնք առաջին քայլերն են անում Հայաստանում ՏՏ ոլորտում, օրինակ կծառայի:
Նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը: Փոստային բացիկի վրա պատկերված են նաև վերջին երեք տարում հաղթողները՝ Չի Ֆուն Չանը, Վիլլիամ Դանիել Հիլլիսը և Տակեո Կանադեն: Ընկերությունը հատուկ ծրարը տպագրել է 500 օրինակով: