Արդեն 20 տարի մայոր Մուրադյանի առավոտը զինվորական կարգով է սկսվում՝ նույն պարտականությամբ. հոսպիտալ հասած զինվորին առողջ շարք վերադարձնելու առաքելությամբ:
Զինվորական բժիշկը՝ երդմանը հավատարիմ, հայ զինվորի, կամավորի, խաղաղ բնակչի կյանքը փրկելու պատրաստականությամբ սահման մեկնած առաջիններից էր՝ 2016-ի քառօրյային, 2020-ին՝ 44-օրյայի ժամանակ:
Արման Մուրադյան, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ավագ օրդինատոր - Ունեցել ենք շատ ծանր օրեր, մեծ քանակությամբ վիրավորներ, կարողացել ենք մեր մասնագիտական ծառայությունն իրականացնել:
Խաղաղ պայմաններում, ինչպես բոլոր բժիշկներն են, պատերազմի ժամանակ՝ զինվորի կողքին է:
2020-ի հոկտեմբերի 14-ին կենտրոնական հոսպիտալի վիրաբույժը Մարտակերտում էր. վիրավոր զինվորի կյանքը փրկելիս՝ հոսպիտալը հրթիռակոծվեց: Գործընկերն է հիշում՝ անգամ մեկ վայրկյան նշտարը չթողեց, վիրահատությունը շարունակեց, կյանքի գնով կյանք փրկեց:
Արման Մուրադյան - Վիրահատությունն ավարտեցինք, մինչև վիճակը կայունացավ, որ կարողանանք տեղափոխել:
Զինվորական բժշկի գործը գործընկերն է շարունակում, հերթով սենյակից սենյակ անցնում, զինվորների առողջությանը հետևում, ստուգում:
Վարդենիսի հոսպիտալից Կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինվորի մաղթանքը ռազմական բժիշկներին առողջությունն է, որ վատառողջ զինվորներին առողջ ճանապարհեն:
Զինված ուժերի ռազմաժշկական ծառայությունը 28 տարեկան է՝ պատերազմներ տեսած, հաղթահարած, լավագույն մասնագետներով ու ժամանակակից սարքավորումներով համալրված: Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պայմաններն է ներկայացնում լաբորատորիայի պետը:
Զինվորական հոսպիտալի նորանշանակ պետի հեռախոսը կեսօրից չի լռում, նկարահանման պահին՝ նախօրեին, սահմանին իրավիճակն անհանգիստ էր: Առաջին օգնության կազմ-պատրաստ լինելու հրահանգներ են հնչում:
Վահան Ոսկանյան, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ - Հոսպիտալը, ինչպես խաղաղ,այնպես էլ պատերազմի ժամանակ, ունակ է իր առջև դրված խնդիրը լուծել:
Սպիտակ բանակի մարտիկների գլխավոր ձեռքբերումը փրկված բազմաթիվ կյանքերն են: