Նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և դրանով շատ բան ասվում է, և ես չեմ կարծում, որ պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն: Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի՝ պաշտպանության
նախարարի փոփոխությանը վերաբերող հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հայեցողական բառը շատ ամբողջական պատկերացում է տալիս. «նախարար» նշանակվում է վարչապետի հայեցողությամբ և ազատվում է վարչապետի հայեցողությամբ:
«Փորձը ցույց է տվել և ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր են, և տվյալ դեպքում ես կարևոր եմ համարում, որ և՛ ԱԳ նախարարի կարգավիճակում, և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է այն լուրերին, որ Ադրբեջանի սահմանային ագրեսիային ի պատասխան տրվել է չկրակելու հրաման, վարչապետն ասաց. «Ի բնե հնարավոր չէ այդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման. դա կլինի ուղիղ պետական դավաճանություն: Ինչ է նշանակում՝ չկրակելու հրաման է եղել: Այդպիսի բան չի կարող լինել. նախ՝ չկրակելու գրավոր թե բանավոր հրաման տվողը գործում է պետական դավաճանություն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում»:
Խոսելով 13 գերեվարված զինծառայողի մասին՝ երկրի ղեկավարը շեշտեց՝ ժամանակն է պատշաճ ձևով հետաքննել գերեվարման յուրաքանչյուր դեպք: