Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հարց է ուղղել ՀՀ սահմանների նկատմամբ երեկ ադրբեջանական ԶՈՒ ագրեսիայի վերաբերյալ ու նշել, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառակուսի կիլոմետրը: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ՝ անդրադարձել է տարածքի վերաբերյալ այդ թվին:
«41 քառակուսի կիլոմետր թիվը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գորոծողությունների հետևանքով: Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը չի փոխվել: Մայիսի 12-ից հետո ընկած ժամանակահատվածում և երեկվա գործողությամբ էլ է նույնը, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այնպես չէ, որ այդ 41 քառակուսի կիլոմետրն ամբողջությամբ և լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի ԶՈՒ կողմից:
Մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետևանքով տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի և մեր զինված ուժերի դիրքերը շախմատաձև դասավորված են, երբեմն մխրճված մեկը մյուսի մեջ՝ անտրամաբանական ձևերով:
Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով՝ նաև Խորհրդային Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո: Այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը:
Երբ ասվում է՝ կա՛մ Ադրբեջանի, կա՛մ մեր կողմից, որ Ադրբեջանը մեր տարածքներն օկուպացրել է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է, որ՝ գիտեք, այո՛, էդպես է, բայց էնպես չի, որ այդտեղ միանշանակ բալանս կա, տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին ձեր վերահսկողության ներքո, եթե դե յուրե հանգամանքները նկատի ունենանք, և կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են, որոնք չպետք է լինեին՝ դե յուրե հանգամանքներից ելնելով»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ հարցը մեկընդմիշտ փակելու համար միջազգային հանրությունը կոչ է անում սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը և կողմնորոշվել, թե ինչ մեթոդաբանությամբ ու ինչ իրավական հիմքերի վրա է տեղի ունենալու գործընթացը:
Փաշինյանը հիշեցրեց նաև այս տարվա մայիսին Կառավարության նիստի ընթացքում արած իր հայտարարությունը և վերահաստատեց իր դիրքորոշումը. «Երկու անգամ առաջարկ է եղել գործընթացը սկսելու, և մենք համաձայնել ենք: Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա, մանավանդ որ Կառավարության ծրագրում էլ դելիմիտացիայի և դեմարկացիայի կարևորությունն ընդգծել ենք»: