ՄՈՍԿՎԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ. ՊԵՍԿՈՎ
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին միջազգային արձագանքները շարունակվում են: «Մոսկվան շարունակելու է միջնորդական ջանքերը. կարգավորման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունների իրականացումն է»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ վերսկսված մարտերը լուրջ անհանգստության տեղիք են տվել, սակայն նրա խոսքով՝ ռուսական միջնորդությունն օգնել է դադարեցնել դրանք: Պեսկովը հավելել է, որ բոլոր երկրներն առաջին հերթին պետք է կատարեն իրենց պարտավորությունները, և հենց դա կլինի նման միջադեպերի կանխարգելման երաշխիքը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև եռակողմ գագաթնաժողովի անցկացման կարևորությանը` նշելով. «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը»:
ՌՈՒԴԵՆԿՈՆ ՈՒ ԿԼԱԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրմանը՝ մտահոգություն հայտնելով զինված ընդհարումների կապակցությամբ։ Ռուդենկոն և Կլաարն ընդգծել են Բաքվի և Երևանի կողմից զսպվածության դրսևորման, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծման հրամայականը։
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
«Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունը մինչ օրս անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության ամենալուրջ խախտումն է»՝ Բաքվի գործողությունները դատապարտել է Եվրախորհրդարանը: Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել:
Մենք լրջորեն անհանգստացած ենք երեկվա ծանր մարտերով, որոնք հաջորդել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության աճին: Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունը մինչև օրս անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության ամենալուրջ խախտումն է, որի հետևանքով զոհերի, վիրավորների և գերեվարվածների թիվը դեռևս չի հաստատվել: Մենք իրավիճակի արագ լիցքաթափման կոչ ենք անում և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունն ու Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին հաղորդագրությունը։ Մենք կրկին հայտարարում ենք, որ սահմանի հետ կապված բոլոր հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցություններով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում, այլ ոչ թե՝ ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով։ Մենք դատապարտում ենք «սահմանների հաստատման» ցանկացած փորձ, որ նկատվում է մայիսի 12-ին՝ Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո։
ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Եվրամիությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին բռնությունների կապակցությամբ, որոնք, ցավոք, հանգեցրել են մարդկային զոհերի։ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն հրապարակել է Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտական գործողությունների վերաբերյալ հաղորդագրություն, որում նշված է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զարգացող իրավիճակը հեռախոսով քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու կոչ արել անհապաղ թուլացնել լարվածությունը և պահպանել հրադադարի ռեժիմը:
ԵՄ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել, տարածքից դուրս բերել իրենց ռազմական ուժերն ու հարգել եռակողմ համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Մենք երկու կողմին կոչ ենք անում վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման վերաբերյալ, ներառյալ՝ սահմանների սահմանագծումը։
ԵՄ-ն հաստատել է, որ պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը նաև վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և նպաստել ապահով, կայուն, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների: