Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման հարթակի շահառու գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում:
ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է 2022թ. հունվարի մեկից գործարկվելիք հարթակի կարևորությունը և առավելությունները նախկին համակարգի նկատմամբ:
«Նոր էլեկտրոնային հարթակի գործարկմամբ նախ պարզեցվում է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության ընթացակարգը և կրճատվում վարչարարությունը, և երկրորդը, գործընթացն ամբողջությամբ թվայնացվում է»,- նշել է նա:
ՄԾ պետի օգնական Վարդան Մաթևոսյանը ներկայացրել է համակարգի գործառույթներն ու հնարավորությունները: Ծրագրի իրավաբան խորհրդատուներ Տիրուհի Նազարեթյանն ու Աննա Բարիկյանը ներկայացրել են հարթակի գործառնության իրավական հիմքերը և գործառույթների բաշխումը պետական մարմինների միջև:
ՄԾ մասնագետները պատասխանել են գործատուների հարցերին, արձանագրել հնչած նկատառումները: Աշխատանքի թույլտվության էլեկտրոնային հարթակի գործարկմանն աջակցում է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը: