Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը։
Իր ելույթում Մհեր Մարգարյանը Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։
Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները։