Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ, հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։
Հավաստի տվյալներ կային նաև, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, և հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեին զինված բախումով, ինչը կանխվեց։
Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողները մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու՝ 35, 37 և 39 տարեկան, երեքն էլ Երևանի բնակիչ։
Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ 37-ամյա տղամարդը, որի մոտից հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքը, ձերբակալվել է։
«Տոյոտան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: