ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ նիստի ընթացքում հայտնել է, որ հետպատերազմական շրջանում Արցախի կառավարությանն ու արցախահայության աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ:
«Իրականացվող աջակցության միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից կոմունալ ծախսերը ֆինանսավորելու համար 2020 և 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9.8 միլիարդ դրամ:
Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2020 և 2021 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 միլիարդ դրամ բյուջետային վարկ»,- ասաց նախարարը:
Նախարարը տեղեկացրեց, որ իրականացվում է նաև տեղահանված բնակչությանը բնակարանով ապահովելու ծրագիր:
«Ըստ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության տրամարդված տվյալների՝ Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ, բայց հիմա պետք է նաև շեշտադրել, որ մեծամասնությունը՝ ավելի քան 80 տոկոսը, վերադարձել է Արցախ, և ՀՀ-ում դեռ շարունակում է մնալ արցախահայություն, և նրանց վերաբերող խնդիրները շարունակում են մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշեց Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է զոհված, անհետ կորած և գերեվարված անձանց թվին, նախարարը հայտնեց՝ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի հոկտեմբերի տվյալների՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3.788 է՝ 3.712 զինծառայող, 76 քաղաքացիական անձ։
«Անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը: Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 40 անձ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,- տեղեկացրեց Մկրտչյանը՝ շեշտելով, որ դրանք հոկտեմբեր ամսվա տվյալներն են:
«Եթե որևիցե անճշտություններ լինեն, ապա դրանք պայմանավորված են այդ ժամանակագրական տարբերությամբ»,- հավելեց նախարարը: