Աշխարհն արձագանքում է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումներին: Մարտերը դադարեցնելու կոչ է հնչել Վաշինգտոնից: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել:
ԱՄՆ պետքարտուղարություն - Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա լարվածությունը կանխելու համար: Մենք նաև կողմերին կոչ ենք անում ուղիղ և կառուցողական համագործակցության բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար, ներառյալ՝ սահմանագծումը։
Պետքարտուղարությանը կոչով է հանդես եկել կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով բոլոր դիվանագիտական ուղիներն ու լծակներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ կանխելու հերթական զանգվածային հումանիտար աղետը և ցույց տալու ԱՄՆ անսասան աջակցությունը հայ ժողովրդին և նրա ինքնիշխանությանը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ իրեն խորապես անհանգստացնում են սահմանին հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական ուժերի հարձակման մասին հաղորդագրությունները, այդ թվում՝ երկու տասնյակից ավելի հայ զինվորների սպանության կամ ապօրինի կալանավորման մասին հաղորդումները։
«Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է»,- հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: Նրա խոսքով՝ պնդումները, թե երկու կողմն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը հարձակվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ահաբեկում անմեղ քաղաքացիներին: «Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որն ավելի կքաջալերի Ալիևին, եթե նա չկանգնեցվի»,- հայտարարել է կոնգրեսականը:
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախմամբ, որը հանգեցրել է հայ զինծառայողների մահվան: «Մեր մտքերը զոհերի ընտանիքների և հարազատների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»,- գրել է նա:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Եվրոպայի խորհրդի անունից կոչ է արել կողմերին՝ անհապաղ դադարեցնել վերսկսված ռազմական գործողությունները։
Մարիա Պեյչինովիչ Բուրիչ - Ավելի քան քսան տարի առաջ մեր կազմակերպությանն անդամակցելով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հանձնառություն են ստանձնել հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն պահպանվի։ Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ տարաձայնությունների խաղաղ լուծման համար Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու նրանց շարունակական ջանքերում: Մենք պատրաստ ենք աջակցել ԵԽ անդամ երկու երկրների երկխոսությանը՝ վստահության ամրապնդմանը և հաշտեցմանը նպաստելու նպատակով:
Հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի վատթարացման և ծանր զինատեսակների կիրառման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Փարիզը: Ֆրանսիան կոչ է արել արագ թուլացնել լարվածությունը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր չլուծված հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Փարիզը հստակեցրել է, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է իրականացվի բանակցությունների միջոցով՝ բացառելով նման միջադեպերը, նաև վերահաստատում՝ այդ գործընթացին նպաստելու՝ Ֆրանսիայի լիակատար պատրաստակամությունը:
Երկու կողմին զսպվածություն ցուցաբերել և իրավիճակը չսրելու կոչ է արել Իրանը:
Արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում ռազմական նոր բախումների առնչությամբ: Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել նրանց լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով: Խաթիբզադեն ներկա լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համար և ասել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել կողմերին վեճերը լուծելու և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար»։