Պաշտպանության, անվտանգության ոլորտի ծախսերը ավելացած են, և դրանք համահունչ են կառավարության ծրագրի այն փիլիսոփայությանը, որ մենք պետք է դնենք այն հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս հատկապես պաշտպանական գերատեսչությանը մոտենալ այն գաղափարի իրականացմանը, որն անվանում ենք պրոֆեսիոնալ բանակ: Այդ մասին ԱԺ նիստում ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ դրա հիմքերի համար շատ կարևոր է, թե բյուջեում ինչ ծախսեր են նախատեսվում սպառազինության, կրթության, կառուցվածքային ձևափոխումների համար:
«Դեպի Հայաստան, դեպի բանակ, բանակի ուսումնական, կրթական համակարգեր մեծ ինտելեկտուալ կարողություններ է պետք կենտրոնացնել»,- ասաց Քոչարյանը:
Քոչարյանը կենսական անհրաժեշտություն է համարում Զինված ուժերում նոր ձևաչափով ինժեներական զորքերի առկայությունը։
«Ակնհայտ է դառնում, որ բյուջեում պետք է այնպիսի հիմքեր լինեն, որ ինժեներական զորքերի առկայությունը դառնում է կենսական անհրաժեշտություն։ Մեր այսօրվա բանակային կառուցվածքում դա մի քիչ այլ ձևաչափ ունի»,- ասաց նա։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ թեև այս պահին սահմանի արևելյան հատվածում վիճակը հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ այդ հանգստությունն ամեն օր ուղեկցելու է մեզ:
«Մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք Կառավարության ծրագիրն իրագործելու համար»,- ասաց նա: