Նոյեմբերի 16-ի ռազմական էսկալացիայի հետևանքով գերեվարված զինծառայողների հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում. «Լուրերի» հետ զրույցում նշեց Հայաստանում կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը: Հայկական կողմը հայտնում է Ադրբեջանում գերեվարված 13 զինծառայողի մասին:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Հետևում ենք տեղեկատվությանը: ԿԽՄԿ մարդասիրական հանձնագիրը ներառում է տեսակցություններ, ընտանիքի հետ կապի պահպանում, կողմերի համաձայնությամբ մեր հանդես գալը՝ որպես միջնորդ: Պատրաստ ենք աշխատել նաև այս դերում, ինչը կարող է ներառել մեր կողմից արտահանձնում կողմերին, աճյունների փոխանցում:
Ադրբեջանն անտեսում է միջազգային հումանիտար իրավունքը, որը պարտադրում է զինված հակամարտության ակտիվ փուլի ավարտից անմիջապես հետո ապահովել բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձը, քանի որ նրանք հանցագործություն չեն կատարել:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, միջազգային կոնֆլիկտ է՝ մաքուր իմաստով: Աշխարհագրորեն էլ դեպքերը ծավալվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նույնիսկ եթե վերցնենք, ասենք, դելիմիտացիոն ապագայում նախանշվելիք գոտի էր, բայց արդեն Ադրբեջանը փորձի նույն թեզը հրամցնել, որ նրանք դիվեսանտներ են կամ հանցագործություն կատարած անձինք են, ոչ թե ռազմագերի, արդեն անհնարին կլինի հիմնավորել:
44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց Ադրբեջանը համարեց ահաբեկիչներ ու հանցագործներ, ապօրինի քրեական գործեր հարուցեց և դատապարտեց տարբեր ժամկետներով ազատազրկման: Հայրենիք նրանց վերադարձի համար, ըստ Ղազարյանի, Հայաստանն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները:
Արա Ղազարյան - Ցավոք, չունենք այն ատյանը, որտեղ կարող ենք դիմել, դա միջազգային քրեական դատարանն է, որովհետև ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը չեն ճանաչում այդ դատարանի իրավազորությունը: ՀՀ-ն փորձում է ամբողջ կոնտեքստը, պատերազմի ակտիվ փուլում իրականացված իրավախախտումները ներկայացնել միջազգային ատյան կամ Եվրոպական դատարան մարդու իրավունքների խողովակով, որն ակտիվ փուլի համար էապես նեղացրել է ՄԻԵԴ-ի կամ միջազգային արդարադատության ատյան՝ ռասիզմի խողովակով:
Արա Ղազարյանը Եվրադատարանից սպասում է ակտի, որը կարող է անդրադառնալ հանգամանքին, երբ հակամարտության ակտիվ դեպքերի բացակայության պայմաններում հակառակորդ կողմից տեղի է ունենում մահաբեր ուժի կիրառում, երբ դրա համար չկար այդ պահի ստեղծված իրավիճակով պայմանավորված խիստ ռազմական միջամտության անհրաժեշտություն: Մարդու իրավունքների կոնտեքստում ՄԻԵԴ-ն այդ հարցը քննում է: Ղազարյանն այս պահին դժվարանում է ասել, թե Ստրասբուրգի դատարանն ի՛նչ որոշում կկայացնի: