Շտապ: Անհրաժեշտ են դոնորներ: Կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության: Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը կարճ ժամանակով խուճապ առաջացրեց քաղաքացիների շրջանում, քանի որ համընկավ նոյեմբերի 16-ին արևելյան սահմանում ծավալված իրադարձությունների հետ, ու հիմնական ընկալումն այն էր, թե արյունը վիրավոր զինծառայողների համար է: Կենտրոնը շատ չանցած հերքեց այդ կապը:
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն - Շահարկումներից զերծ մնալու համար խնդրում ենք հետևել Արյունաբանական կենտրոնի և Առողջապահության նախարարության պաշտոնական էջերի տեղեկատվությանը. արյան պաշարների համալրումը կրում է պլանային պարբերական բնույթ:
Արյունաբանականի էջում դոնորներ հրավիրելու մասին նույնատիպ «շտապ» հայտարարություններ տեղադրվել են, օրինակ, այս տարվա հոկտեմբերի 7-ին, սեպտեմբերի 14-ին: Կենտրոնի տնօրենը նկատում է՝ սա շարունակական գործընթաց է, և արյան կարիք հանրապետությունում միշտ կա ու պետք է լինի:
Սամվել Դանիելյան (Պրոֆ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն) - Սա մեր առօրյա խնդիրն է, որին արձագանքեցինք, և խնդրեցինք բնակչության օժանդակությանը, որը և ստացանք: Ամեն ինչ նայել մեկ պրիզմայով, երբ որ բժշկության խոհանոցին ծանոթ չես, և քաղաքականացնել կամ աղմուկ հանել կամ քոմենթներ գրել, և պարսավել մեկին, սա էսօրվա Հայաստանին պատիվ չբերող բան է:
Քովիդի տարածման հետ մեկտեղ ամբողջ աշխարհում մեծացել է արյան կարիքը՝ նկատում է Սամվել Դանիելյանը: Մյուս կողմից էլ՝ արյան բանկեր այցելող դոնորների քանակն է նվազել, որովհետև խուսափում են հավելյալ շփումներից ու կուտակումներից:
Սամվել Դանիելյան - Չէ՞ որ հսկայական քանակությամբ պլանային վիրահատություններ կան, բացի քովիդից, չէ՞ որ կան քիմիաթերապիայի բազմաթիվ բաժանմունքներ, որտեղ նույնպես քիմիաթերապիայի հետևանքով պարբերաբար արյան կարիք է զգացվում այդ հիվանդներին, որոնց բուժումը երբեմն կարող է տևել մինչև մեկ տարի, և ավելի:
«Արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու համար,- ասում է Սամվել Դանիելյանը,- կա արյան պահուստային ֆոնդ»: «Արյան պաշարների հետ կապված խնդիր չունենք, դրանք պարբերաբար համալրվում են»,- վստահեցնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մեր արյան պաշարները ամբողջ հանրապետությունում խստիվ հաշվառվում են, մենք ունենք բավարար արյան պաշար բոլոր դեպքերի համար, բայց ժամանակ առ ժամանակ նաև ունենում ենք հայտարարություններ, որ մեր քաղաքացիները գան ու դոնոր հանդիսանան:
Իսկ քովիդի դեմ պատվաստված քաղաքացիները կարո՞ղ են արյան դոնոր դառնալ. այս օրերին ամենաշատը հնչող հարցերից է: Արյունաբանական կենտրոնը հիշեցնում է՝ պատվաստումը հակացուցում չէ, եթե դրանից անցել է 10 օր: