Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի մասնակցությամբ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել gaia.am բիզնես մոդելավորման էլեկտրոնային հաշվիչ կայքի շնորհանդեսը։ Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Շնորհանդես-քննարկման նպատակն էր ներկայացնել կայքը, դրանում առկա բաղադրիչները, համապատասխան տվյալների մուտքագրման և ավտոմատացված ելքային տվյալների ստացման գործընթացը։
Շնորհանդեսին ներկա էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Ավստրիական Զարգացման գործակալության, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆերմերներ Հայաստանի տարբեր մարզերից։
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում շնորհավորել է բոլորին ոլորտում նման նոր ձեռքբերման առիթով, ապա հավելել, որ կայքում առկա երեք ենթաուղղությունները լավ սկիզբ են, և էկոնոմիկայի նախարարությունը կներդրի իր բոլոր ջանքերը՝ գյուղատնտեսության ոլորտում պահանջված այլ ուղղություններում նման համակարգ ստեղծելու համար։
Կայքը մշակվել է ոչխարաբուծության, խոտաբույսերի և հատիկաընդեղեն մշակաբույսերի արժեշղթաներում տնտեսությունների կազմակերպման և կառավարման գործընթացում ուղեցուցային հաշվարկները հասանելի դարձնելու և նախնական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
Քննարկման ընթացքում ֆերմերները բարձրացրել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր, նաև շեշտել, որ Էլեկտրոնային նման ուղղորդիչ գործիքի ներդրումը մեծ աջակցություն է ֆերմերային տնտեսությունների, ինչպես նաև ոլորտի սկսնակների համար։