Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները հանդիպել են Մոսկվայում: Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների պատճառով ստեղծված իրավիճակը: Գրիգորյանը գործընկերոջը նշել է, որ ռազմական գործողություններն ընթացել են Հայաստանի սուվերեն տարածքում, և ադրբեջանական զորքերը պետք է լքեն այն:
Նիկոլայ Պատրուշև (ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար) - Հույս ունեմ, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի: Ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ավելի վաղ ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել նաև Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում վերոնշյալ համաձայնությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման գործընթացին և պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, սակայն սրա հետ մեկտեղ՝ իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա:
ԵՐԵՎԱՆԸ ԿՈՂՄ Է, ՈՐ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
«Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծել մեր երկրի սահմանին Ադրբեջանի նախաձեռնած վերջին գործողությունների պատճառով առաջացած խնդիրները»,- Коммерсант-ին տված հարցազրույցում ասել է Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյան - Խորհրդային տարիների բոլոր քարտեզներով այն հատվածը, որտեղ հիմա գտնվում են ադրբեջանական զորքերը, համարվում է Հայաստանի ինքնիշխան տարածք: Ադրբեջանի գործողությունները որակում եմ ագրեսիա, հիշեցնում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թվականի պայմանագիրը: Երևանը կողմնակից է, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով, սակայն եթե դա հնարավոր չլինի, խնդիրը պետք է կարգավորել ռազմական ճանապարհով:
Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ հայկական կողմի համար այս հարցում առաջնահերթ են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը: Ըստ ԱԽ քարտուղարի՝ եթե լուծում չգտնվի, Երևանը կարող է դիմել նաև միջազգային այլ կառույցների:
«Կոմերսանտը» նաև գրել է, որ ԱՊՀ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ծրագրով ադրբեջանցի գործընկերոջ հետ Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ: