Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծել մեր երկրի սահմանին Ադրբեջանի նախաձեռնած վերջին գործողությունների պատճառով առաջացած խնդիրները՝ Коммерсант-ին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մոսկվայում ԱՊՀ անդամների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը մասնակցող Գրիգորյանը նշել է, որ խորհրդային տարիներին գոյություն ունեցող բոլոր քարտեզներով այն հատվածը, որտեղ հիմա գտնվում են ադրբեջանական զորքերը, համարվում է Հայաստանի ինքնիշխան տարածք:
Ադրբեջանի գործողությունները որակելով ագրեսիա՝ Գրիգորյանը հիշեցրել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թվականի պայմանագիրը: Գրիգորյանը նշել է՝ Երևանը կողմնակից է, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Սակայն եթե դա անել հնարավոր չլինի, խնդիրը պետք է կարգավորել ռազմական ճանապարհով»:
Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ հայկական կողմի համար այս հարցում առաջնահերթ են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, սակայն հավելել է՝ եթե լուծում չգտնվի, Երևանը կարող է դիմել նաև միջազգային այլ կառույցների: «Կոմերսանտը» հայտնում է, որ ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման շրջանակում Գրիգորյանի՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ առանձին հանդիպում նախատեսված չէ: