Թուրքիայում գանձագողերն ավերել են Վանի Գյուրփընար (Հայոց ձոր) և Չաթաք շրջանների միջև՝ Արաքսի ափին գտնվող հայկական պատմական Հոգվոց (Հոգեաց, Հոգոց) վանքը: Երբեմնի կանգուն վանքն այժմ ոչնչացման եզրին է։ Այս մասին հայտնել է «Van ÇEVDER» պատմական հուշարձանների պահպանության միության ղեկավարներից Ալի Քալչըքը՝ գրում է Ermenihaber-ը:
«Սա վայրագություն է: Առանց այդ էլ այժմ գրեթե անհնար է մուտք գործել տարիներ շարունակ որպես անասնագոմ օգտագործվող սրբատեղի՝ այնտեղ առկա գոմաղբի պատճառով»,- ասել է Քալչըքը՝ նշելով, որ Թուրքիայում տասնյակ նման պատմական վայր է ոչնչացվել։ Նա կոչ է արել մարդկանց, պետություններին, հասարակական կազմակերպություններին՝ ի վերջո խախտել լռությունը և «ոչ» ասել համաշխարհային ժառանգության ոչնչացմանը։
Հոգվոց վանքը գտնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում՝ Վանա լճից հարավ, Կասրիկ գյուղի մոտ։
Քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։ IV դարում Հոգեաց վանքը եղել է եպիսկոպոսանիստ, XVII դարում՝ հայտնի գրչության կենտրոն։ Այն վերակառուցվել է 1730-65-ին, 1895-ին ավերվել է, 1904-ին՝ վերանորոգվել, 1915-ին՝ լքվել։