ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 17-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանի հերթական ագրեսիան մեր երկրի նկատմամբ համապատասխանում է ՄԱԿ-ի 1974 թվականի «Ագրեսիա» հանցագործության սահմանմանը: «Մենք պետք է լինենք տոկուն և պաշտպանենք մեր երկրի ինքնիշխանությունն ու ամեն գնով բարձրացնենք երկրի պաշտպանունակությունը»,- ասել է մշտական հանձնաժողովի նախագահը:
«Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել Հանրապետության նախագահին և ՀՀ վարչապետին՝ ունենալ նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Վարչապետի համաձայնությամբ՝ փոխվարչապետները և նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով՝ Սփյուռքի գործերի հանձնակատարներ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր և բանավոր առաջարկներ չեն ներկայացվել: