Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նախօրեին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի ընթացքում 7 զինծառայողի զոհվելու և 10-ի վիրավորվելու մասին: Զոհերից երկուսը սպա են, 5-ը՝ շարքային:
Սոցիալական ցանցերում և տարբեր աղբյուրներում շրջանառվել է Ադրբեջանի կողմից մոտ 70 զոհի մասին տեղեկությունը: Ավելի վաղ
ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ:
Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության՝ նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, որտեղ տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։