2021-ը դեռ չի ավարտվել, բայց սննդային թունավորումները հաջորդում են մեկը մյուսին և խոսքը միայն սննդի կետերով չի սահմանափակվում: «Տաշիր պիցցայում» թունավորվել էր 180, Մանկական զարգացման կենտրոնում՝ 11 քաղաքացի: Բոլորն արդեն առողջացել, դուրս են գրվել: Այս տարի 9 այդպիսի դեպք է եղել, տուժել է 235 քաղաքացի:
Լիլիթ Ավետիսյան, ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ - Երկու դեպքում էլ, երկու կառույցում էլ հիմնականում հավով պատրաստած սննդամթերքի մասին է խոսքը: Երեխաները սնվել էին հավով, բրնձով շիլայով, իսկ «Տաշիր պիցցայում» ավելի շատ հավի մսով պատրաստված աղցան և պիցցաներ, որտեղ հավի միս կա: Այսինքն՝ այդ ուղղությամբ է ավելի սևեռակում գնացել:
Տեսչական մարմինը «Տաշիր պիցցայում» սննդային թունավորման պատճառները վերլուծել է, որից հետո ընկերությանը թույլատրել է վերաբացել ցանցը՝ բացառությամբ 5 մասնաճյուղի, որտեղ դեռ չեն ավարտվել ուսումնասիրությունները: Տեսչականի սննդամթերքի անվտանգության վարչության պետն ասում է՝ տնտեսվարողները պետք է գրանցված լինեն իրենց համակարգում՝ հակառակ դեպքում իրավասություն չունեն խոշորացույցի տակ պահելու ընկերության գործունեությունը:
Վահե Դանիելյան, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ - Ցավոք, ունենք շատ կազմակերպություններ, որոնք գործում են: Մեզ համար անհասկանալի փաստ կար, որ զարգացման կենտրոնն ինքնին չունենալով իրավունք սննդի մատուցման ծառայություններ մատուցելու՝ նաև սնունդ էր մատուցել տվյալ հաստատությունում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լաբորատոր նմուշառումներ իրականացրել է նաև սննդամթերք արտադրող և մատակարար ընկերություններում: Արդյունքները դեռ նախնական են՝ տեսչական մարմինը փորձաքննությամբ ուզում է հասկանալ՝ թունավորման պատճառը հո՞ւմքն է եղել, թե՞ երկրորդային աղտոտվածությունը: Մասնագետների պնդմամբ՝ խնդիրը տեղայնացվել է, նոր դեպքեր չեն արձանագրվել:
Վահե Դանիելյան - Բոլոր մասնաճյուղերում սննդամթերքի մնացորդները ոչնչացվել է համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից՝ մեր մասնագետների ներկայությամբ, ինչպես նաև իրականացվել են ախտահանման աշխատանքներ և աշխատակիցներն են ենթարկվել բուժզննության, արդեն իսկ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից:
ՍԱՏՄ մասնագետի խոսքով՝ իրենց ռեսուրսները սահմանափակ են, ու թեև տարեկան պլանով 1000 տնտեսվարողի կարող են այցելել, դա չի խանգարում հետագայում նման դեպքերը կանխելու համար մտածել նոր գործիքակազմ կիրառելու մասին: