«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ ամբիոնից կոչ արեց Հայաստանի գործընկերներին, դաշնակիցներին և այն պետություններին, որոնց հետ ՀՀ-ն ունի համապատասխան համաձայնագրեր, անմիջապես գործուն քայլեր ձեռնարկել՝ այս ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ:
«Վերջին օրերին ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից խաղաղությանը միտված գործընթացների վիժեցման գործընթաց, որը սկզբում դրսևորվում էր Գորիս-Կապան ճանապարհահատվածի Որոտանի հատվածում իբր մաքսային հենակետ տեղադրելով:
Տեսնելով, որ մեր ժողովուրդը դիմակայում է և այլ կերպ է փորձում լուծել խնդիրները, նոյեմբերի 16-ին նույն հենակետը տեղադրեցին Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում՝ կտրելով Ճակատենի կապը մյուս գյուղերի հետ: Եվ տեսնելով, որ սա նույնպես մեզ չի ստիպում այն գործողությունների դիմել, որոնք իրենք են ցանկանում, այսօր արդեն Ադրբեջանը դիմել է ռազմական հարձակման, ոտնձգության քայլին:
Այս պահի դրությամբ լոկալ մարտական գործողություններ են ընթանում ՀՀ սահմաններում, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: Ռազմական գործողությունները թեև ունեն լոկալ բնույթ, բայց մեծ հավանականություն կա, որ այն շատ արագ կարող է այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան»,- ասաց Խաչատրյանը: