Կապան-Ճակատեն ավտոճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում անվտանգության նկատառումներով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը դադարեցնելուց հետո վեց գյուղ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գնալու համար այլընտրանքային մեկ ճանապարհ կա՝ միայն Մեղրիով: Դա նշանակում է 10 կիլոմետր ճանապարհը 2.5 ժամում անցնել: Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտում է՝ այլընտրանքային մյուս ճանապարհների աշխատանքները առավելագույն կարճ ժամկետներում են պատրաստ լինելու, անգամ անկախ եղանակից:
Անդրանիկ Քոչարյան (ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ) - Այլընտրանքային այն ճանապարհները, որ չունենք, պիտի դառնա իրականություն, հատկապես հիմա, երբ եղանակը կարող է վատանալ, անկախ եղանակից պիտի կատարվի դա, որ 15 րոպեի ճամփան ոչ մեկ չանցնի 3 ժամում:
Կառավարության որոշումներն ու ծրագրերն այս առումով ամբողջական են:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման պետ Վահագն Ստեփանյանը Սյունիքում է, տեղում է հետևում այդ և այլ հատվածներում այլընտրանքային ճանապարհների շինաշխատանքներին: Խնդրահարույց հատվածում աշխատանքը երկու ուղղությամբ է ընթանում:
Վահագն Ստեփանյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի ղեկավար) - Գեղանուշի հատվածով գոյություն ունեցող նեղ արահետ է, որը վերակառուցում ենք՝ մատչելի դարձնելու մեքենաների համար:
Խոսքը բարձր մեքենաների մասին է, մարդատարները այդ ճանապարհով անցնել չեն կարողանա: Ի դեպ, Ճակատեն-Գեղանուշ-Կապան ճանապարհը գործել է 90-ականներին, հետո անմխիթար էր՝ անգամ ոտքով անցնել հնարավոր չէր:
Վահագն Ստեփանյան - Մենք մոտավորապես 3 օրից կսարքենք անցանելի՝ Գեղանուշով անցնող, Ճակատեն գնացող ճանապարհը, և մեր հիմնական նպատակն է նոր ճանապարհ կառուցելը, հիմնական ճանապարհը, որը փոխարինելու է Կապան-Ճակատենին: Դրա հողային աշխատանքները պատրաստ կլինեն ձմռանը:
Ասֆալտապատումն էլ կսկսեն գարնանը՝ օրերը տաքանալուն պես՝ նշում է Ստեփանյանը: Խոսքը Մ-17 Կապան-Ծավ հատվածից դեպի Ճակատեն տանող ճանապարհի մասին է: Ինչու մինչև այժմ այս ամենը չի կատարվել հարցին արձագանքում է՝
Վահագն Ստեփանյան - Մինչ աշխատանքի մեկնարկը, որոնք հետո քննարկվել են ուժային կառույցների հետո, հետո միայն հաստատվել, որ այդ ճանապարհները բոլոր առումներով մեքենաների՝ մարդատարների, բեռնատարների, ռազմական տեխնիկայի համար, լինեն անցանելի:
Սյունիքում նորոգվում են նաև միջհամայնքային տասնյակ, տարիներով անանցանելի այլ ճանապարհներ:
Վահագն Ստեփանյան - Սյունիքում այս պահին Խոտ-Որոտան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն են, 5 կմ-ի վրա հողայինն ավարտված է, հիմա մեքենաների հեշտ անցնելու համար աշխատանքներ են, նաև թվարկում է ուղղությունները:
Վերադառնալով Ճակատեն և մյուս գյուղեր՝ օրվա հացի ու դեղորայքի խնդիրը մարզպետարանը լուծել է: Այդ մասին նշում է Սյունիքի մարզպետը: Բոլոր գյուղերում եղել է, կառուցվող ճանապարհով անցել:
Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Բոլոր գյուղերում եղել եմ, երեկ եղել եմ Շիկահող, Ներքին Հանդ, Ճակատեն, բոլոր հարցերը լուծված են, 6 գյուղում և էս Գորիսի հատվածում երեք գյուղում կազմակերպված է հացի հարցը, մեքենաների հարցերը, դպրոցների հարցերը: Երեկ Ճակատենի ճանապարհով եկել եմ Կապան, դժվար էր, բայց աշխատանքները գնում են:
Մելիքսեթ Պողոսյան - Մինչ տարվա վերջ էն ռազմական ճանապարհները ավարտին կհասցնենք:
Մարզպետի հավաստմամբ՝ կապը գյուղերի հետ անընդհատ է, բնակավայրերում գտնվում են նաև մարզպետարանի ներկայացուցիչներ՝ սննդամթերքի և այլ ապրանքների բաշխումն իրականացնելու համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան