ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԱԿՐՈՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը, ինչպես նաև ինքն անձամբ, կշարունակեն քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ անդրադառնալով նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, լեհ-բելառուսական սահմանին առկա իրադրությանը և Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակին։
ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼ ՀՀ-ՈՒՄ
ԱՄՆ-ն առաջարկել է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության անձնակազմերին ամերիկյան վիզաների համար մեկնել Երևան և դիմել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրենց աղբյուրներին։ Ըստ ռուսական կողմի՝ Վաշինգտոնն այս որոշմամբ պատասխանում է Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում Ռուսաստանի և երրորդ երկրների քաղաքացիների աշխատանքի անցնելու արգելքի վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը։
ԵՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Նոյեմբերի 15-ից Բրյուսելում տեղի է ունենում ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստը։ Նիստի շրջանակում «ասոցացված եռյակի»՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարները Դմիտրի Կուլեբան, Դավիթ Զալկալիանին և Նիկու Պոպեսկուն հանդես են եկել Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությունը եվրաինտեգրման արդյունավետ գործիք դարձնելու օգտին: Դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում երեք երկրները նախատեսում են ներկայացնել նաև «ասոցացված եռյակի»՝ Եվրամիության հետ հետագա գործակցության սեփական տեսլականը։
ՌԴ-ՏԱՋԻԿՍՏԱՆ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ռուսաստանը և Տաջիկստանը կստեղծեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ։ Համապատասխան որոշումը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։ Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռ այս տարվա ապրիլին՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում։ Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրների հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի անբաժանելի մասն է և ստեղծվում է «տարածաշրջանում հակաօդային պաշտպանության խնդիրների լուծման արդյունավետությունը բարձրացնելու համար»։
ԱՄՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ծինփինը և Ջո Բայդենը առաջին անգամ հեռավար հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական և հիմնարար հարցեր: Հանդիպումը տևել է մոտ 3,5 ժամ: Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է ընդլայնեն կապերը և համագործակցությունը։ Նրա խոսքով՝ երկու երկրները պետք է համագործակցեն խաղաղ ու կայուն միջազգային միջավայր ապահովելու, այդ թվում՝ գլոբալ մարտահրավերներին արդյունավետ լուծումներ գտնելու համար, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունները և կորոնավիրուսի համավարակը: Իր հերթին Ջո Բայդենն ընդգծել է, որ երկու նախագահները պատասխանատվություն են կրում Չինաստանի և ԱՄՆ-ի մրցակցությունը հակամարտության չվերածելու համար: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Չինաստանի դեմ դաշինք չի ձևավորի և նրա հետ հակամարտության մեջ չի մտնի, ինչպես նաև հանդես չի գա Չինաստանում կառավարման համակարգի փոփոխության օգտին: Նախագահներն անդրադարձել են նաև Թայվանի խնդրին: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինտոնը հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին և չի աջակցում Թայվանի անկախությանը: