Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 15-ին, կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տուրում մրցել է Գերմանիայի հետ. գրանցվել է ոչ-ոքի՝ 2:2, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հավաքականի կազմում իր 4-րդ հաղթանակն է տարել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են խաղացել։
Առաջին երեք տուրում Հայաստանի հավաքականը նախ 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Բելգիայի թիմի նկատմամբ, ապա ոչ-ոքի՝ 2:2 էր խաղացել նորվեգացիների դեմ, իսկ երրորդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթել էր Իսրայելին:
Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո 10 միավոր ունի իր ակտիվում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
Կանանց ընտրանին էլ առաջնությունում իր առաջին պարտությունն է կրել՝ 4-րդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջելով Իտալիային: Հավաքականի կազմում հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Սուսաննա Գաբոյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվել են: Կանանց ընտրանին 10 միավորով նահանջել է 5-րդ հորիզոնական:
Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցել էր խորվաթների դեմ և հաղթանակ տարել 2,5։1,5 հաշվով, երկրորդ տուրում 3:1 հաշվով հաղթել էր Բելգիայի թիմին, իսկ երրորդ տուրում 3:1 հաշվով առավելության էր հասել Լեհաստանի նկատմամբ:
Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կկայանան հինգերորդ տուրի պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ֆրանսիացիների դեմ, իսկ կանանց ընտրանին ուժերը կչափի Վրաստանի թիմի հետ:
Եվրոպայի թիմային առաջնությունում ընդհանուր առմամբ կանցկացվի 9 տուր՝ մինչև նոյեմբերի 21-ը։