Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ԱԺ ամբիոնից կոչ է արել Հայաստանի միջազգային գործընկերներին առավել հասցեական և թիրախային կոչեր անել՝ ուղղված «ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես և վտանգավոր գործողությունների դեմ»:
Գրիգորյանի խոսքով՝ կոչերի բացակայությունը կարող է ընկալվել որպես անտարբերություն և ստանձնած հանձնառության բացակայություն:
«Այս հերթական ապօրինի գործողությունները տեղի են ունենում՝ ի շարունակություն նախօրեին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ գործողությունների: Ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են բերվել նշված տարածքներից: Միաժամանակ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ևս դուրս են բերվել այս տարածքներից: Այնուամենայնիվ, նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս այս տարվա մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողները: Մեր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին, ԵՄ-ին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված ադրբեջանական հերթական սադրանքի դատապարտմանն ու հերթական գործողությունների կանխմանը»,- ասաց Գրիգորյանը:
Նա շեշտեց, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, միաժամանակ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, ինչը խոչընդոտում է կոմունիկացիաների բացումը և սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը: