Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացումը պաշտոնապես ավարտվել է: Աշխատանքների արդյունքում ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը տեղում են ծանոթացել արդյունքներին, նաև արձանագրել՝ իրականացվել է կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքների մեծ ծավալ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունն աճել է 15 տոկոսով:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Էներգաբլոկը գրեթե ամբողջությամբ նորացվել է, թարմացվել է: Եվ բազմաթիվ ենթակառուցվածքներ, գեներատորներ փոխվել, նորացվել են, ինչը հիմք է տալիս ասել, որ մինչև 36 թվականը կարող ենք շահագործել:
Արդիականացման գործընթացը մեկնարկել էր դեռ 2015 թվականին: Ատոմակայանը մինչև 2036 թվականը շահագործելու համար անհրաժեշտ է շարունակել ի սկզբանե նախագծված աշխատանքները: Դրանք ունեն կոնկրետ ժամանակացույց, և հայկական կողմը մտադիր է ավարտին հասցնել գործընթացը: Այդպիսով, Հայաստանը կունենա բավարար ժամանակ նոր ատոմակայան կառուցելու համար, հայտարարեց նախարար Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյան - Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարի ատոմային էներգիայի արտադրությունը: Մենք պետք է այնպես անենք, որ այս կայանի շահագործման ավարտին ունենանք նոր էներգաբլոկ և այն միացնել ցանցին:
Այդ ուղղությամբ այժմ բանակցություններ են մեկնարկել ռուսական կողմի հետ: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2026-27 թվականներին: Այն կարող է տևել 8-10 տարի, տեղեկացրեց Գնել Սանոսյանը: Նոր ատոմակայան կառուցելու Հայաստանի կառավարության առարկայական մտադրության մասին հայտարարվեց մոտ մեկուկես ամիս առաջ: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հիմնական բաժնետեր Ռոման Տրոցենկոյի կողմից գործադիրը բիզնես-առաջարկ էր ստացել, որը ենթադրում է այդ թվում նոր էներգաբլոկի կառուցում:
Տեղեկությունը մեկնաբանեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Ալեքսեյ Լիխաչով («Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն) - Կարծում եմ՝ այստեղ կարելի էր համադրել բոլոր երեք կողմերի՝ մասնավորի, Հայաստանի և «Ռոսատոմի» շահերը: Տրոցենկոն վստահելի գործընկեր է: Չկանխագուշակելով որոշումը՝ կարող եմ ասել, որ նրա կողմից կա համապատասխան նախաձեռնություն, և կան խորհրդակցություններ դրա շուրջ:
Ազդարարված նոր ատոմակայանի հզորության վերաբերյալ դեռ չկա վերջնական որոշում, սակայն, Գնել Սանոսյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը նախատեսում է կառուցել առնվազն այն հզորությամբ կայան, ինչ կա հիմա։ Խոսքը 400-450 մվտ-ի մասին է։