Այսօր ժամը 13:00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և փորձել են սրել իրադրությունն ամբողջ սահմանի երկայնքով: Այս պահին շարունակում են մարտական գործողություններ ընթանալ, և ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով՝ անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններին՝ «Լուրերի» տաղավարում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մայիսի 12-ից սկսած Հայաստանի սուվերեն տարածքում գտնվում են Ադրեբեջանի զինված ուժերը և սուվերեն տարածքի խախտումով են գտնվում. այսօրվա սրացումը կապված է Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ կապված: Նրանք նաև փորձել են օգտագործել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերը»,- ասաց Գրիգորյանը:
«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցեղ 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- ասաց նա:
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ դա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու:
«Մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ի պետական սահմանը կարմիր գիծ է Ռուսաստանի Դաշնության համար, և մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանցիները խախտել են այդ կարմիր գիծը:
«Այս առումով մենք մեր դաշնակցին դիմում ենք, որ կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Եթե հնարավոր լինի՝ այս ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, եթե հնարավոր չլինի լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»,- ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՀԱՊԿ ուղղությամբ ևս նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:
«Իհարկե, մենք մայիսին ստեղծված իրավիճակով դիմել ենք ՀԱՊԿ, որպեսզի ճգնաժամը լուծենք. բավարար ջանքեր չեն գործադրվել խնդիրը լուծելու, բայց մենք շարունակելու ենք աշխատել, քանի որ այժմ ՀԱՊԿ նախագահը Հայաստանն է, ապա մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ակտիվացնենք ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում նախատեսված գործիքակազմը, որը հնարավորւթյուն է տալիս անդամ երկրի տարածքային ամբողջականության որևէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկել»,- ասաց ԱԽ քարտուղարը:
«Հայաստանը կարծում է, որ առաջնահերթ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմելու, այսինքն՝ միջազգային այլ գործընկերների, բայց մենք առաջնային ենք համարում գործարկել պայմանագրային պարտավորություններով օժտված մեխանիզմները»,- ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը: