Հայաստանի Հանրապետությունը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով: Այս մասին «Լուրերի» տաղավարում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Դաշնակից պետությանը դիմելու անհրաժեշտություն է առաջացել, երբ ադրբեջանական կողմը նոյեմբերի 16-ին՝ ժամը 13.00-ին, ռազմական գործողություններ է սկսել և փորձել է իրավիճակը սրել սահմանի ամբողջ երկայնքով: Ադրբեջանը ռազմական գորոծողություններ է սկսել ինչպես մայիսի 12-ին ՀՀ սուվերեն տարածք ներխուժած զինուժով, այնպես էլ հավելյալ զինտեխնիկա օգտագործելով:
Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ՀԱՊԿ-ին ներգրավելու ուղղությամբ: Կազմակերպության օգնությանը մեր երկիրը պաշտոնապես դիմել էր նաև մայիսին, այդ ժամանակ սակայն բավարար ջանքեր չէին գործադրվել խնդիրը լուծելու համար՝ ընդգծեց Արմեն Գրիգորյանը:
Եթե հնարավոր չեղավ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մջնորդությամբ խնդիրը հանգուցալուծել, Հայաստանը ստիպված կլինի դիմել միջազգային այլ գործընկերների՝ ճգնաժամը լուծելու համար:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՏԱՊԱԼԵԼ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սահմանի երկայնքով կայունություն չի եղել՝ պնդեց Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանն այս ընթացքում պարբերաբար զենք է կիրառել, հարձակվել հայկական դիրքերի վրա:
Նման գործողություններով Ադրբեջանը փորձում է նաև տապալել սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ նշեց Գրիգորյանը: Սահմաններին Ադրբեջանի ագրեսիայի աճի համատեքստում անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերը՝ մասնակցելու ժողովրդավարության գագաթնաժողովին:
Դեկտեմբերին անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու հրավեր Ադրբեջանը չի ստացել:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանը սամիթը ծառայեցնելու է երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: