Կորոնավիրուսով վարակված հղիների երեխաները, պատահում է՝ ծնվում են արդեն վարակված ու նույնիսկ թոքաբորբով: Հայաստանում նման դեպքեր գրանցվել են: Բարեբախտաբար, մեծ տոկոս չեն կազմում:
Քովիդով հղիները ծննդաբերում են Երևանի «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» կենտրոնում: Անցյալ տարի շուրջ 660 այդպիսի ծնունդ է գրանցվել, այս տարի՝ 700-ից ավելի: Շտամի փոփոխության հետ մեկտեղ այստեղ հիվանդության հետևանքների տարբերություն ու բարդացում են նկատում: Բայց, ասում են՝ նախածննդյան շրջանում վարակը մորից պտղին փոխանցվելու դեպքերը 0.5 տոկոսի սահմաններում են:
Սերինե Մելիքսեթյան (նորածնային վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ) - Անցյալ տարի, այո՛, նորածինները հիմնականում ծնվում էին առանց խնդիրների, այս տարի էլ, եթե տոկոսային հարաբերություն անենք, հիմնականում առողջ են ծնվում, բայց ունենք նաև դրական քովիդ թեստ՝ հաստատված նորածինների մոտ, ունեցել ենք մի երկու դեպք թոքաբորբի և քովիդին բնորոշ ռենտգեն պատկերներով, մենինգիտի երևույթներով, ինչ խոսք, ավելի ծանր է անցնում քովիդը նաև ծննդկանների մոտ, և մահվան դեպքերն էլ են ավելի շատացել:
Մելիքսեթյանի փոխանցմամբ՝ նորածինների մահվան դեպքեր չունեն: Բոլորն էլ բուժվում են: Առողջացել է նաև այն փոքրիկը, որը քովիդով վարակված ու երկկողմանի թոքաբորբով է ծնվել: Բժիշկները պատրաստվում են նոյեմբերի 16-ին նրան դուրս գրել:
Քովիդով հոսպիտալացված հղիների մեջ պատվաստվածներ չկան՝ ասում է առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը:
Բայց կան պատվաստված հղիներ, որոնք տարբեր պատվաստանյութեր են ստացել ու որևէ բարդություն չի առաջացել: Հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ի դրությամբ հղիների շրջանում կատարվել է 368 դեղաչափ պատվաստում:
Գրիգորյանը նաև նկատում է, որ ամբողջ աշխարհում պատվաստանյութի որևէ բացասական ազդեցություն հղիության ընթացքի կամ հղիի առողջության վրա նկարագրված չէ: Փոխարենը հայտնի են կորոնավիրուսի հնարավոր լուրջ բարդությունները:
Վրույր Գրիգորյան (առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու) - Մինչև այսօր միայն այս տարվա կտրվածքով մենք ունենք 8 մայրական մահ՝ պայմանավորված միայն քովիդ ինֆեկցիայով, անցյալ տարի՝ 5 մահ: Ինչքան որ մենք մայրեր և հղիներ ենք կորցրել կորոնավիրուսից, դա մեր միջին տարեկան թիվն է, որը մենք այլ պատճառներով կամ մանկաբարձական, կամ ոչ մանկաբարձական կորցնում էինք կանանց: Այլ պատճառները ոչ մի տեղ չեն կորել, այլ հիվանդությունները չեն կորել, և դրանց վրա ավելանում են քովիդի պատճառով վրա եկած մահերը:
Ծննդկանի մահվան վերջին դեպքի մասին հայտնի դարձավ նոյեմբերի 15-ին: 28 տարեկան կնոջ մոտ հղիության 37-38 շաբաթականում հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը: Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան,