Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Միացյալ Նահանգներում կքննարկի F-35 և F-16 կործանիչների ձեռքբերման հետ կապված հարցերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ընդգծելով, որ Անկարան «ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Կոնգրեսը հավանություն տա F-16-երի վերաբերյալ հարցմանը, հակառակ դեպքում՝ Անկարան ստիպված կլինի դիտարկել այլընտրանքային տարբերակներ։ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով։ ԱՄՆ-ն հրաժարվել էր նաև Թուրքիային հանձնել նրա գնած, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռը, դադարեցվել էր նաև ծրագրի շրջանակում թուրք օդաչուների վերապատրաստումը։
*****
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրինագիծ է ստորագրել, որը ենթադրում է 10 տարվա ընթացքում ավելի քան 1 տրլն դոլարի ներդրում երկրի ենթակառուցվածքների զարգացման նախագծերում։ Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, փաստաթուղթը նախատեսում է շուրջ 110 մլրդ դոլար հատկացնել կամուրջների և ճանապարհների կառուցման համար: Եվս 73 մլրդ դոլար կներդրվի կանաչ էներգիայի անցնելու ծրագրերում։ Այս օրինագիծը դիտարկվում էր որպես Բայդենի ամենակարևոր ներքաղաքական նախաձեռնություններից մեկը՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր։ Փաստաթղթի ընդունումը կարևոր է նաև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների համատեքստում, որոնք նախատեսված են 2022 թ. նոյեմբերին:
*****
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի` որպես անկախ տրանսպորտային օպերատորի հավաստագրումը` կազմակերպչական և իրավական խնդիրների պատճառով։ Հավաստագրման գործընթացը կվերսկսվի, երբ օպերատորը գերմանական դուստր ընկերությանը կփոխանցի կապիտալի և մարդկային ռեսուրսների մի մասը։ Նախատեսվում է, որ որոշումը կկայացվի մինչև 2022 թվականի հունավարի 8-ը։ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտվել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին։ Այն նախատեսվում էր ավարտել 2019 թվականի վերջին, սակայն շինարարությունը հետաձգվեց՝ Միացյալ Նահանգների պատժամիջոցների պատճառով։
*****
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Գերմանիայի կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար Անգելա Մերկելը 50 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերն անդրադարձել են Եվրամիություն-Բելառուս սահմանին միգրացիոն ճգնաժամի կարգավորման ուղիներին։ Լուկաշենկոն և Մերկելը քննարկել են նաև փախստականներին հումանիտար աջակցության տրամադրումը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա շփումները՝ կարգավորելու ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցից հետո Լուկաշենկոն հայտնել է, որ ճգնաճամի հաղթահարման տարբերակներ է առաջարկել։ Անգելա Մերկելն ընդմիջում է վերցրել՝ ԵՄ անդամների հետ հարցը քննարկելու համար, ինչից հետո երկրների ղեկավարները ևս մեկ հեռախոսազրույց կանցկացնեն։ Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ճգնաժամը կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին։ Ներկայումս Եվրամիություն-Բելառուս սահմանին մի քանի հազար միգրանտ է գտնվում, որոնք փորձում են ամեն կերպ հատել այն։