Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի հետ սահմաններին կենտրոնացած է մինչև 20 հազար օտարերկրյա զինվորական, փոխանցում է СБ. Беларусь сегодня թերթը:
Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսի սահմաններին, առավելապես՝ Լեհաստանի հետ սահմանին կենտրոնացած են ոչ միայն սահմանապահներ, այլև զորքերի հարվածային խմբավորումներ՝ շուրջ 20 հազար զինվորական, ինչպես նաև ավիացիա և զրահատեխնիկա:
Լեհ-բելառուսական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ: Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիքսը հայտնել է, որ Լատվիան, Լիտվան և Լեհաստանը կարող են գործարկել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը՝ կապված Բելառուսի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ:
Նրա խոսքով՝ երեք երկրները պայմանավորվել են, որ եթե նրանցից մեկը ցանկանա խորհրդակցություններ սկսել այդ հոդվածի շուրջ, մյուսները կմիանան նախաձեռնությանը և հայտ կներկայացնեն ՆԱՏՕ-ին:
Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը ենթադրում է ՆԱՏՕ-ի մասնակից երկրների միջև խորհրդակցությունների անցկացում, եթե կողմերից մեկի կարծիքով՝ դաշինքի որևէ անդամի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը սպառնալիքի տակ է: