Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին Արցախի Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի նախագահի նախաձեռնությամբ Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։
Նիստի քննարկմանն էր ներկայացվել ««Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը։
Նախագծերը ներկայացնելիս Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նիստում պատգամավորների հնչեցրած երկու առաջարկություն ընդունվել և ներառվել է փաթեթում։
Օրենքների նախագծերի փաթեթը նախօրեին քննարկվել և արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
Հաջորդիվ խորհրդարանը 27 ձայնով կողմ է քվեարկել նախագծերի փաթեթին։