ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Նրա թեկնածությունը ներկայացրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ մենք պետք է լսեինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին. նրա կողմից թեկնածուին ներկայացնելու խնդիրը բաց է մնում, բայց այսօր մեր ընդդիմադիր դաշտի գործընկերները ընդհանրապես նիստերի դահլիճից բացակայեցին, իսկ հանձնաժողովի նիստերին իրենք չեն մասնակցում այն հիմքով, որ ասել ենք ու վերջ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գործընկերներին տեղեկացրեց՝ արդեն շրջանառության մեջ է դրվել ««ՀՀ ԱԺ կանանոկարգ» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են նմանօրինակ խնդիրները: