Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Ինչպես հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհուրդը, նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք: Բանակցությունների արդյունքում զինտեխնիկան և զորքերի մեծ մասը հետ են քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստ: Տեղի ունեցածի արդյունքում վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է սույն թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը»,- ասել է Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 11 տեղամասերում:
«Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով՝ ըստ էության նորանոր տարածքային և անվտանգային սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության համար: Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ: Այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության համար:
Դեռևս սույն թվականի մայիսի 12-ից հետո ՀՀ-ն հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի համաձայն հայ-ադրբեջանական սահմանին իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ: Նախաձեռնությունը, ցավոք, մինչև օրս կյանքի չի կոչվել»,- ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Էդուարդ Աղաջանյանը Կառավարությանը կոչ է արել հանդես գալ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ համաձայն ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի։
«Միևնույն ժամանակ, մեր խորհրդարանական գործընկերներին կոչ եմ անում միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և Հայաստանի տարածքների օկուպացիան պարզաբանող և լուսաբանող հայտարարություններով»,- ասել է Աղաջանյանը: